Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասին

0Չինաստանի հետախուզության բարձրաստիճան ղեկավարներից մեկը Պեկինի կողմից արհեստական բանականության ռիսկերի վերաբերյալ ամենամանրամասն նախազգուշացումներից մեկն է հրապարակել։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիայի արագ զարգացումը կարող է սպառնալ քաղաքական կայունությանը և կրիտիկական նշանակության ենթակառուցվածքներին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Չինաստանի պետական անվտանգության նախարար Չեն Իսինը հոդվածում, որը հրապարակվել է China Cyberspace պաշտոնական ամսագրում, գրել է, որ հակառակորդների կողմից արհեստական բանականության չարամիտ օգտագործումը կարող է «ուղղակիորեն սպառնալ Չինաստանի քաղաքական անվտանգությանը, պետական համակարգի անվտանգությանը և գաղափարական անվտանգությանը»։ Նա նաև նշել է, որ արհեստական բանականությունն ավելի ու ավելի արդյունավետ է հայտնաբերում համակարգերի խոցելիությունները և կարող է ստեղծել վնասաբեր ծրագրեր ու դրանք շահագործելու գործիքներ։

Հոդվածը Չինաստանի կողմից արհեստական բանականության հետ կապված ռիսկերի գնահատականի ամենահստակ ձևակերպումներից մեկն է։ Այն հրապարակվել է այն ժամանակ, երբ ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները կոչ են արել դանդաղեցնել տեխնոլոգիայի զարգացումը։ Միևնույն ժամանակ, որևէ նշան չկա, որ հրապարակումը որևէ կերպ կապված է այդ հայտարարությունների հետ։ Հոդվածում նույնպես չեն հիշատակվել Anthropic PBC-ի և OpenAI-ի կոչերը՝ նվազեցնելու ավելի կատարելագործված մոդելների ստեղծման մրցավազքի տեմպերը։

Հիշեցնենք՝ Anthropic-ի համահիմնադիր Դարիո Ամոդեն օրերս հայտարարել է, որ արհեստական բանականության հնարավորություններն ավելի արագ են զարգանում, քան պաշտպանության համակարգերը։ Նա կոչ է արել ընկերություններին, ԱՄՆ-ին և մյուս ժողովրդավարական երկրներին համակարգել իրենց գործողությունները։ Չենը նույնպես ընդգծել է անվտանգության կարևորությունը, սակայն ռիսկերին առաջին հերթին մոտենում է քաղաքական վերահսկողության, տեխնոլոգիական ինքնիշխանության, արտաքին սպառնալիքների և ռազմավարական մրցակցության տեսանկյունից։

Պեկինի գլխավոր մտահոգություններից մեկը կապված է այն հանգամանքի հետ, որ այն ուժերը, որոնց Չենը անվանել է «թշնամական», կարող են վարել «հանրային կարծիքի պատերազմներ» և «ճանաչողական պատերազմ»։ Նրա խոսքով՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված դիփֆեյքերը, տեքստերն ու պատկերները, ինչպես նաև սոցիալական ցանցերի բոտերը կարող են օգտագործվել քաղաքական ասեկոսեներ և վնասակար տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև հասարակության մեջ տարաձայնություններ հրահրելու համար։ Հոդվածը հրապարակվել է Չինաստանի կիբերտարածության հարցերով վարչության ենթակայության տակ գտնվող ամսագրում։

Չենը նաև նախազգուշացրել է, որ արհեստական բանականության ոլորտում առավելություն ունեցող երկրներն ազգային անվտանգության պաշտպանության պատրվակով կարող են սահմանել տեխնոլոգիական սահմանափակումներ, «մենաշնորհել» ոլորտային ստանդարտները և ստեղծել փակ էկոհամակարգեր։

Այս դիրքորոշումը համահունչ է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ հուլիսին ունեցած ելույթին, որը նվիրված էր ազգային անվտանգության հայեցակարգին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment