ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Գանձասարի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ ինչ պետք է՝ արել են:
«Այդ հարցով ավելի մասնագիտացված մարմիններ կան, մենք լսեցինք ու շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։ Մենք Մատենադարանը ներգրավեցինք, եթե նկատեցիք՝ այց էր տեղի ունեցել։ Այնպես որ, դուք իրավունք ունեք դիտարկել՝ բավարար, պատշաճ, համարժեք»,- լրագրողներին ասել է Միրզոյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նախարարը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը չի նպաստում խաղաղության ամրապնդմանը։
«Սնուցում է ինչ-որ բաներ, որ, գուցե, հնչում են ոչ այդքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի մասին, ջուր են լցնում այդ ջրաղացին»,- նշել է ԱԳՄԱ նախարարը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներիի համար շրջայց են կազմակերպել Արցախի տարածքներում: Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել է որպես աղվանական:
Այցին մասնակցել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը հաջորդ օրը Երևանում, Մատենադարան այցից հետո, հայտարարել է, որ չի վիճարկում Ղարաբաղի՝ «նախկին հակամարտությունից տուժած շրջաններում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»: