Միացյալ Նահանգներն առաջին անգամ հայտարարել է, որ Երկրի ուղեծրում տեղակայել է հարձակողական սպառազինություն։
Երկուշաբթի օրը «Օդային, տիեզերական և կիբերտարածության» (Air, Space & Cyber) համաժողովում ելույթ ունենալիս ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղար Թրոյ Մեյնկը հայտարարել է, որ այդ սպառազինությունն անհրաժեշտ է ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար։
Նա չի հստակեցրել սպառազինության հնարավորությունները և չի նշել, թե դրանք երբ են դուրս բերվել ուղեծիր։
Մինչ այժմ ԱՄՆ պաշտոնյաները խոսել են միայն տիեզերքում ռազմական ներուժն ուժեղացնելու մտադրությունների մասին՝ մատնանշելով Ռուսաստանի և Չինաստանի այն ծրագրերը, որոնք նախատեսված են ռազմական հակամարտության դեպքում ամերիկյան արբանյակների վրա հարձակվելու և դրանց աշխատանքը խաթարելու համար։
Թրամփի վարչակազմը նշել էր, որ նախատեսվող «Ոսկե գմբեթ» (Golden Dome) համակարգը, որը կոչված է որսալու հրթիռներն ու ԱՄՆ տարածքին սպառնացող այլ վտանգները, կներառի նաև տիեզերական բաղադրիչ, օրինակ՝ որսիչ հրթիռներ։
1967 թվականին ԽՍՀՄ-ը և Միացյալ Նահանգները պայմանագիր են ստորագրել, որն արգելում է տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումը («Պայմանագիր տիեզերքի, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման գործում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին»․ այն բաց է այլ պետությունների ստորագրման համար)։