Եվրախորհրդարանը 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «ձեռնպահ» ձայներով ընդունել է հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող առևտրային ազատականացման ժամանակավոր միջոցառումները (Autonomous Trade Measures), հայտնում է Factor.am-ը:
Սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը (Coreper II դեսպանների մակարդակով) հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։ Դրանով նախատեսվում է 2 տարի ժամկետով ժամանակավորապես կասեցնել հայկական ապրանքների լայն շրջանակի համար սահմանված մաքսատուրքերը և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունել էր Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող ապրանքների համար առևտրային արտոնություններ սահմանելու և մաքսատուրքերը ժամանակավորապես ազատականացնելու նախագիծը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակման հաջորդող օրը և այդ օրվանից կիրառվելու է երկու տարի ժամկետով։
Մաքսատուրքերի ժամանակավոր կասեցումն անվերապահ չի լինելու։ Արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու համար Հայաստանը պետք է պահպանի ապրանքների ծագման նկատմամբ կիրառվող կանոնները, ԵՄ-ի հետ ապահովի վարչական համագործակցություն և Եվրամիությունից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանի։
Հայաստանից պահանջվելու է նաև հարգել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։
Եվրահանձնաժողովն այս նախաձեռնությունը ներկայացրել է հայկական ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման արգելքից հետո։ Բրյուսելի գնահատմամբ՝ առաջարկված միջոցները միաժամանակ պետք է նվազեցնեն Ռուսաստանի սահմանափակումների ազդեցությունը և նպաստեն ԵՄ–Հայաստան առևտրային հարաբերությունների ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում։