Քաղաքականություն
15.09.2026 | 15:24
«Երախտապարտ եմ Հայաստանում փոխվարչապետ Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սիմոնյանի, ԱԳ նախարար Կոստանյանի և փորձագիտական հանրության հետ հերթական կանոնավոր խորհրդակցությունների ևս մեկ շարքի համար»։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
«Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց իրավիճակի և մտահոգությունների մասին լսելու համար։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ «Մատենադարան» այցելելու ընթացքում հնարավորություն ունեցա անձամբ տեսնելու հայկական մշակութային ժառանգության պատմական անչափ հարուստ հետքը, այդ թվում՝ նախկին հակամարտության գոտիներից»,- նշել է Գրոնոն։
Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի իր աշխատանքը՝ հաջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկկողմ խաղաղության գործընթացի։
Հիշեցնենք, որ Բաքու և Արցախի տարածքներ կատարած այցից հետո Գրոնոն X-ում գրել էր, որ մշակութային և կրոնական ժառանգության որոշ վայրերի ծագման վերաբերյալ շարունակում են պահպանվել «խորը տարբերվող տեսակետներ և նարատիվներ», որոնք, ըստ նրա, պետք է քննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացի շրջանակում։ Ուշագրավ է, որ այցն անցկացվել էր Ադրբեջանի իշխանությունների կազմակերպմամբ, իսկ նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նույն ընթացքում Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես «կովկասյան աղվանական քրիստոնեական ժառանգություն»՝ կրկնելով պաշտոնական Բաքվի թեզերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի