Եվրամիությունում քննարկումներ են ընթանում 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեի շուրջ։ Քննարկվում է եվրոպական կառույցների աշխատակիցների թվի և պաշտոնյաների աշխատավարձերի կրճատման հնարավորությունը, գրում է Politico-ն։
ԵՄ երկրների մեծ մասը կողմ է Եվրամիության կառույցների անձնակազմի պահպանման ծախսերի կտրուկ կրճատմանը՝ հաջորդ երկարաժամկետ բյուջեի շրջանակում միջոցներ խնայելու նպատակով։ Այդ մասին նշվում է ԵՄ խորհրդի Իռլանդիայի կողմից պատրաստված փաստաթղթում, որին հղում է անում պարբերականը։
ԵՄ 27 երկրների կառավարությունները քննարկում են միության ընդհանուր բյուջեի չափը։ Գերմանիայի գլխավորած մի խումբ երկրներ պահանջում են մի քանի հարյուր միլիարդ եվրոյով կրճատել Եվրահանձնաժողովի առաջարկած՝ 2028-2034 թվականների համար 2 տրիլիոն եվրոյի բյուջեն։
Մյուս ճամբարը, որի կազմում են Իտալիան և Լեհաստանը, հանդես է գալիս գյուղատնտեսության և պակաս զարգացած տարածաշրջաններին աջակցության համար նախատեսված ծախսերի ավելացման օգտին։
Չնայած այս տարաձայնություններին՝ կրճատման ամենահավանական թեկնածուն ԵՄ կառույցների վարչական ծախսերն են՝ պաշտոնյաների աշխատավարձերը և շենքերի պահպանման ծախսերը։ Բյուջետային բանակցությունները ղեկավարող Իռլանդիան չի բացառում կրճատումների հնարավորությունը, քանի որ բազմաթիվ երկրներ կասկածի տակ են դնում անձնակազմի թվի առաջարկվող ավելացման հիմնավորվածությունն այն դեպքում, երբ իրենք ստիպված են կրճատել պետական ծառայողների թվաքանակը իրենց երկրներում։
Եվրահանձնաժողովն առաջարկել է առաջիկա յոթ տարիների ընթացքում լրացուցիչ 2500 պաշտոնյա աշխատանքի ընդունել, ինչը դժգոհություն է առաջացրել միության երկրների մեկ երրորդի մոտ։ ԵՀ առաջարկի համաձայն՝ 2028-2034 թվականներին վարչական ծախսերը պետք է կազմեն 118 մլրդ եվրո, ինչը համապատասխանում է բյուջեի ընդհանուր ծավալի մոտ 6%-ին։
Պարբերականի տեղեկություններով՝ Իռլանդիան լուրջ դիմադրության է բախվում բյուջեի մյուս հոդվածների կրճատման փորձերի ժամանակ։ Իռլանդիայի փաստաթղթում նշվում է, որ անդամ երկրների մայրաքաղաքների մեծ մասը դեմ է գյուղատնտեսության և տարածաշրջանային վճարումների համար նախատեսված ծախսերի կրճատմանը՝ այդ հոդվածները համարելով իրենց երկրների «կարևորագույն առաջնահերթությունը»։
Իռլանդիան ակնարկում է, որ ընդհանուր բյուջեն կարող է կրճատվել, քանի որ երկրները դեմ են ազգային վճարումների ավելացմանը և կասկածի տակ են դնում բյուջեի ֆինանսավորման համար համաեվրոպական նոր հարկերի ներդրումը։
«Այս գործոնները վկայում են այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել ծախսերի ավելացման վերաբերյալ մեր հավակնությունները», – Politico-ն մեջբերում է իռլանդական կողմի ներկայացուցիչների խոսքերը։
Սեպտեմբերի 16-ին նախատեսված ԵՄ երկրների Մշտական ներկայացուցիչների կոմիտեի (Coreper) նիստի ընթացքում Դուբլինը մտադիր է 27 դեսպաններից պարզել, թե բյուջեի որ հոդվածներն են նրանք ցանկանում կրճատել: