Արցախի մշակույթը՝ թվային տանը

Երևանում ներկայացվել է «Արցախյան մշակույթի թվային տուն» կայքը՝ առցանց հարթակ, որը մեկտեղում է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող նյութերը։ Այն ներառում է Արցախի բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստները, ծեսերն ու տոները, արհեստները, ինչպես նաև բնության վերաբերյալ ավանդական գիտելիքները։

Կայքում գործում են նաև գրադարան, տեսադարան, պատկերադարան, ձայնադարան և բառարան, որոնք հնարավորություն են տալիս մեկ վայրում ուսումնասիրել և պահպանել Արցախի մշակույթի տարբեր դրսևորումները։

Նախագիծը նախաձեռնվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։ Նախագծի ղեկավարն է գործակալության տնօրենի տեղակալ Նարինե Աղաբալյանը։

MediaHub-ի հետ զրույցում Նարինե Աղաբալյանը ներկայացրել է «Թվային տան» ստեղծման անհրաժեշտությունն ու նպատակները։ Նրա խոսքով՝ հատկապես Արցախի բռնի տեղահանումից հետո հրատապ է դարձել մշակութային ժառանգությունը պահպանելու, համակարգելու և հաջորդ սերունդներին փոխանցելու խնդիրը։

Նա ընդգծել է, որ արցախյան մշակութային խմբերն ու կոլեկտիվները ոչ միայն արվեստի կրողներ են, այլև հավաքական հիշողության կրողներ և այն սերունդներին փոխանցողներ։ Այդ պատճառով կարևոր է պահպանել ոչ միայն արդեն իսկ հավաքագրված նյութերը, այլև շարունակաբար փաստագրել մարդկանց հիշողությունները, պատմությունները, ավանդույթներն ու մշակութային ժառանգության տարբեր դրսևորումները։

«Արցախյան մշակույթի թվային տունը» նախատեսվում է շարունակաբար համալրել նոր նյութերով, արխիվային փաստաթղթերով, բանավոր վկայություններով, լուսանկարներով, տեսանյութերով և այլ մշակութային արժեքներով։

Նախաձեռնության հեղինակների նպատակն է ստեղծել բաց և զարգացող թվային շտեմարան, որը կծառայի Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրությանը և այն ապագա սերունդներին փոխանցելուն։

Leave a comment