Հայաստանն ԱՊՀ երկրների հետ կհսկի թմրանյութերի, այլ ապօրինի բեռների մատակարարման ուղիները

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՊՀ մասնակից պետությունների միջև միջազգային վերահսկելի մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը։

Փաստաթուղթը հնարավորություն է տալիս իրավասու մարմիններին միասնական վերահսկողություն իրականացնել թմրանյութերի, զենքի, մշակութային և պատմական արժեքների, ինչպես նաև վերահսկման ենթակա այլ օբյեկտների ապօրինի տեղափոխման ուղիների նկատմամբ՝ նպատակ ունենալով բացահայտել հանցավոր շղթաները, հայտնում է Sputnik Արմենիան:

Ըստ էության, խոսքն այնպիսի մեխանիզմի մասին է, որի կիրառման դեպքում իրավապահ մարմինները հայտնաբերված ապօրինի բեռն անմիջապես չեն առգրավում, այլ վերահսկողության ներքո թույլ են տալիս շարունակել դրա տեղափոխումը։ Այդ եղանակով հնարավոր է դառնում պարզել մատակարարման ամբողջ ճանապարհը, հանցավոր կապերը և գործընթացում ներգրավված անձանց շրջանակը։

Փաստաթղթով նախատեսվել է կատարելագործել ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցության գործող իրավական մեխանիզմները՝ պետական սահմաններով վերահսկման ենթակա օբյեկտների ապօրինի տեղափոխման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար։

Միջազգային վերահսկելի մատակարարման իրականացման ընթացքում իրավասու մարմինները պետք է փորձեն բացահայտել միջազգային և միջտարածաշրջանային հանցավոր կապերը, պարզել բեռների տեղափոխման ճանապարհներն ու երթուղիները, կանխել և բացահայտել հանցագործությունները, ինչպես նաև նույնականացնել դրանք նախապատրաստող, իրականացնող կամ արդեն իրականացրած անձանց։

Պայմանագրով միաժամանակ ամրագրվում են մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովման, յուրաքանչյուր պետության ազգային օրենսդրության պահանջների պահպանման, ինչպես նաև վերահսկվող բեռի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու սկզբունքները։

ՆԳՆ-ն պայմանագրի վավերացումը կապել է նաև ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրում ամրագրված դրույթի հետ, համաձայն որի՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն մասնակցել ԱՊՀ շրջանակում համագործակցությանը և զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ։

Պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Դուշանբեում։ Փաստաթղթի նախագիծը մշակվել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարության կողմից, իսկ վերջնական տարբերակը լրամշակվել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների փորձագիտական խմբի կողմից։

Leave a comment