Խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք խնդիր ունենք լուծելու, որ թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը նայենք խաղաղության և խաղաղ զարգացման ուղղությամբ, որովհետև տարիներ տևած արյունալի հակամարտության, հազարավոր զոհերի, մեծ տառապանքի ու ցավի մասին ենք խոսում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:
«Մենք միանշանակ մեր ցավն ենք շատ մեծ համարում, իրենք բնականաբար իրենցը: Որդեկորույս մայրերը իրենց ցավով են Հայաստանում տառապում, իրենք այնտեղ են տառապում: Սա աշխարհի բոլոր պատերազմների ու հետպատերազմական իրավիճակին բնորոշ վիճակ է»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով. «Քաղաքական առաջնորդությունը նրա մասին է, որ չնայած այս ամենին՝ հասկանալ, որ խաղաղ ապագան ամեն ինչից բարձր է, որպեսզի նոր զոհեր չլինեն, նոր արյուն չթափվի»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգությունը դեսպանների ներկայությամբ աղվանական ներկայացնելուն՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծեց, որ քաղաքականության մեջ ամեն բան իր նրբությունն ունի և դիվանագիտական արձագանքի համապատասխան մակարդակներ կան:
«Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, և առհասարակ, քաղաքականությունը ունի շատ նյուանսներ: Կրկնում եմ՝ ամենակարևորը մեզ համար խաղաղությունն է և խնամքն այդ խաղաղության հանդեպ: Պարոն Հաջիևի հայտարարությունները չեն բխում խաղաղության խնամքի տեսլականից և մի բան էլ անհիմն են, որի մասին ասվել է ԱԺ նախագահի կողմից՝ ի պատասխան պատգամավորի հարցման, բայց ներողություն, դուք Հայաստանի ինչ մակարդակներ եք ուզում, որպեսզի արձագանքեն Ադրբեջանի նախագահի օգնականին: Ասում եք՝ ԱԺ հայտարարություն, մի ամբողջ ԱԺ, վարչապետ, Արտաքին գործերի նախարար, նախագահ: Վստահ եմ, որ թողնեին՝ կասեիք համաժողովրդական ինչ-որ կոնգրես հրավիրեք, արձագանքենք բոլորով: ԱԺ նախագահին հարցրել են, ԱԺ նախագահը արձագանքել է, ինչ եք ուզում: Սա բազար չէ, սա պետություն է, և Հայաստանի կառույցները՝ Ազգային ժողովը, Կառավարությունը ռեզոլուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի ազատ ոճի հայտարարության համար»,-ասաց Ալեքսանյանը: