Ղազախստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ից 3-ը կանցկացվի Astana AI Film Festival (AAIFF 2026) միջազգային փառատոնը, որի մրցութային ծրագրին մասնակցելու համար ստացվել է 8067 ֆիլմ աշխարհի 125 երկրից։ Հայտերի ընդունումն ավարտվել է սեպտեմբերի սկզբին․ ընդհանուր առմամբ ներկայացված աշխատանքների հեղինակներ են դարձել 4756 ստեղծագործողներ, իսկ ֆիլմերի ընդհանուր տևողությունը գերազանցել է 100 հազար րոպեն։
Մրցույթն ընդգրկում է 19 ժանր, իսկ փառատոնի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 2 միլիոն դոլար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են կինոարտադրության, արհեստական բանականության, տեխնոլոգիաների և ներդրումային ոլորտների ներկայացուցիչներ։
Փառատոնի հիմնական՝ «Ապագան, որում արժե ապրել» (The Future Worth Living In) թեմայով ներկայացվել է 3138 ֆիլմ, իսկ 4929 աշխատանք ստացվել է բաց մրցութային ծրագրով։ Հայտերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է (1395 աշխատանք), որին հաջորդում են Ղազախստանը (829 ֆիլմ), Հնդկաստանը (702) և Չինաստանը (550)։ Մասնակիցների թվում են ինչպես սկսնակ ռեժիսորներ, այնպես էլ միջազգային AI-ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ մասնակիցները արհեստական բանականությունն օգտագործել են ոչ միայն վիզուալ բովանդակության ստեղծման, այլև դրամատուրգիայի և կինեմատոգրաֆիական աշխարհների կառուցման համար։ Ամենաերկար ֆիլմի տևողությունը 4 ժամ 3 րոպե է, իսկ աշխատանքներից մեկում հեղինակը միավորել է միանգամից հինգ ինքնուրույն տիեզերք։
AAIFF-ի խորհրդի նախագահ և համահիմնադիր Ալմազ Ժալին ընդգծել է, որ ստացված աշխատանքները ոչ թե առանձին փորձարկումներ են, այլ լիարժեք ֆիլմեր՝ բարդ պատմություններով ու կերպարներով, ինչը վկայում է AI-կինոյի արագ զարգացման մասին։
Փառատոնի շրջանակում, բացի մեծ էկրանին ֆիլմերի ցուցադրությունից, կանցկացվեն նաև գործնական հանդիպումներ, պանելային քննարկումներ և վարպետության դասեր։ Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ընթացքում։