Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Լոռու մարզի Սարատովկա բնակավայրում գործող ձկնաբուծարանում արձանագրել է ապօրինի ջրօգտագործում։ Ըստ ԲԸՏՄ-ի՝ տնտեսավարողը, չունենալով համապատասխան թույլտվություն, ձկնաբուծության համար ջուր է վերցրել հարակից գետակից։ Ապօրինի ջրառը կասեցվել է, իսկ խողովակաշարը՝ կապարակնքվել։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրում անհատ ձեռնարկատիրոջը պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։

Տնտեսավարողը, չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն, ձկնաբուծության համար անհրաժեշտ ջուրը խողովակաշարով վերցրել է հարակից տարածքով հոսող գետակից՝ իրականացնելով ապօրինի ջրառ մակերևութային ջրային ռեսուրսից։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը՝ կապարակնքվել»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment