Հայտնի է` երբ է ՍԴ–ն քննելու ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորումը

Բաժանորդագրվել

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը, իսկ որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Ազգային ժողովը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանը կքննի վերջին երկու տարում առնվազն մեկ տարին Հայաստանից բացակայած ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից։

Հայտնել էինք, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 2026 թվականի հուլիսի 3-ին իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը, որով քվեարկելու իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակումից առաջ վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարին հայրենիքում չեն եղել։

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Գործով դատաքննությունը նշանակված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը, իսկ որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Ազգային ժողովը։

Leave a comment