Թրամփը քննարկման ժամանակ զանգահարել է Nvidia-ի ղեկավարին ու խոսել ԱԻ-ի հետ կապված դավադրության մասին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին այն պահին, երբ վերջինս ելույթ էր ունենում Լոս Անջելեսում անցկացվող «All-In Summit» միջոցառման բեմում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քննարկման ընթացքում օգնականը հեռախոսով մոտենում ընկերության ղեկավարին։ Միջոցառման վարողը հանդիսատեսին բացատրել է, որ դա նախատեսված չի եղել, սակայն «մենք գիտենք, թե ով է զանգահարողը»։

Հուանգը զանգահարողին ասել է, որ այս պահին նստած է երկու հարյուր մարդու առջև և քննարկում է նրան։ Հետո խոսափողը մոտեցրել են հեռախոսին։

«Գիտե՞ք, թե որն է կյանքի մեծագույն առանձնահատկությունը․ Ջենսենը կարող է նախագծել աշխարհի ամենաբարդ համակարգչային չիպը՝ այնպիսին, որը ոչ ոք չի կարողանա կրկնօրինակել տասը տարվա ընթացքում։ Բայց նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես ինձ միացնել բարձրախոսով»,- կատակել է Թրամփը։

Այնուհետև ԱՄՆ նախագահն անդրադարձել է անվտանգության նկատառումներով արհեստական ​​բանականության սահմանափակման թեմային․ մի հարցի, որը վերջերս բարձրացրել էին խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները։ Թրամփը կրկին չի համաձայնել նրանց հետ՝ այդ քննարկումները որակելով որպես «գրեթե դավադրություն», որը ձեռնտու է Չինաստանին, քանի որ վերջինս նույնպես զարգացնում է արհեստական ​​բանականության սեփական համակարգերը։

«Ռոբոտները չեն գրավի աշխարհը, արհեստական ​​բանականությունը չի գրավի մնացած աշխարհը։ Այդ ամենը կեղծիք է։ Այնուամենայնիվ, մենք պետք է որոշակի զգուշություն ցուցաբերենք։ Մենք պետք է խելամիտ գործենք, բայց դա չի նշանակում, որ պետք է կասեցնենք մի ամբողջ ոլորտ՝ միաժամանակ տասը տարի ծախսելով մտածելու համար, թե ինչպես վարվել դրա հետ»,- նշել է Թրամփը։

Leave a comment