Ռուսաստանցի քաղաքագետ ու միջազգայնագետ Կիրիլ Կրիվոշեևն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչական քայլերին, մասնավորապես՝ օտարերկրյա դիվանագետների այցին Արցախ, որտեղ Գանձասարի վանական համալիրը փորձ է արվել ներկայացնել որպես «Կովկասյան Աղվանքի» մշակութային կենտրոն։
Արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին և վերլուծելով պատմական փաստերը քաղաքական նպատակներով շահարկելու փորձերը՝ ռուսաստանցի փորձագետը նշել է․
«Զարմանալի է, թե ինչպես են մարդիկ օգտագործում Միջնադարի իրադարձությունները ներկայում սեփական ճշմարտացիությունն արդարացնելու համար, կարծես դա այդպես է աշխատում։ Ես, օրինակ, ծնվել եմ Օսմանյան կայսրության պատմական տարածքում։ Մինչև 1696 թվականը՝ Ազովի գրավումը, ողջ շրջանը հենց դրան էր պատկանում։ Դա նույնիսկ ապացուցել պետք չէ, չկա որևէ մեկը, որ փորձի դրա հետ վիճել։ Հիմա հարց՝ ե՞վ, ի՞նչ է դա տալիս։ Այն դեպքում, երբ և՛ Օսմանյան, և՛ Ռուսական կայսրություններն ունեն ակնհայտ ժառանգորդներ։ Իսկ Աղվանքի կապն Ադրբեջանի հետ՝ դա ևս մեկ մատից քաշած թեզ է»։