«Չդառնալ էթնիկ զտման հետևանքների լեգիտիմացման գործիք»․ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի կառույցների բողոք-դիմումը՝ դիվանագետներին

Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մի շարք հասարակական կազմակերպություններ ու հասարակական գործիչներ բողոք-նամակով դիմել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին։

Դիմումի պատճառ են դարձել օտարերկրյա ներկայացուցիչների այցելություններն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ, այդ թվում՝ հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության վայրեր, ինչպես նաև այդ այցերն ուղեկցող հանրային գործողությունները։

Բողոք-նամակի հեղինակներն ընդգծում են, որ դիվանագիտական այցերը չպետք է դառնան էթնիկ զտման, Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևանքների լեգիտիմացման գործիք։

«Անընդունելի ենք համարում, որ օտարերկրյա ներկայացուցիչների լուսանկարներն ու հանրային հայտարարությունները ստեղծեն ստեղծված իրավիճակի միջազգային ճանաչման կամ ընդունելիության տպավորություն, այն դեպքում, երբ Արցախի ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայեր զրկված են իրենց տները վերադառնալու հնարավորությունից, իսկ նրանց մշակութային ժառանգության ճակատագիրը մնում է վտանգված», – նշված է դիմումում։

Հասարակական ոլորտի ներկայացուցիչները դիվանագիտական ներկայացուցչություններից պահանջում են պատշաճ քաղաքական ու իրավական գնահատական տալ նման այցերին, չմասնակցել իրավիճակի լեգիտիմացմանը նպաստող գործողություններին և միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրացնել հայկական ժառանգության պաշտպանության ու արցախահայության վերադարձի իրավունքի հարցերը։

Փաստաթղթի տակ ստորագրել են 43 հասարակական կազմակերպություններ և 45 հասարակական գործիչներ։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment