Քաղաքացի Խաժակ Թովմասյանի ահազանգից երկու օր անց դեռևս ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել։ Թովմասյանը, որն իր հետ տեղի ունեցած դեպքի մասին ահազանգել էր Factor TV-ին, այսօր ստիպված է եղել անձամբ Քննչական կոմիտե հաղորդում ներկայացնել։
Հիշեցնենք, որ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգել է այն մասին, որ սեպտեմբերի 11-ին Հրազդանի ոստիկանների կողմից բռնության է ենթակվել։ Նա ուղարկել է նաև տեսանյութ, որում երևում են այն վնասվածքները, որոնք, նրա պնդմամբ իրեն պատճառել են ոստիկանները։
Դեպքից հետո Խաժակ Թովմասյանը դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից օրենքով սահմանված կարգով տեղյակ են պահել Ոստիկանությանը, որն արդեն պարտավոր էր վարույթ նախաձեռնելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչը չի արել։ ՆԳՆ Ոստիկանությունից Factor TV-ին միայն հայտնել են, որ դեպքի մասին հրապարակումից անմիջապես հետո ծառայողական քննություն է նշանակվել։
Խաժակ Թովմասյանի ահազանգի հիման վրա Factor TV-ի հրապարակումը ևս կարող էր առիթ լինել վարույթ նախաձեռնելու համար, ինչը ևս չի արվել։
Մասնավորապես՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝
- Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է`
1) ֆիզիկական անձից.
2) իրավաբանական անձից.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.
4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:
- Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
Հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել: Սակայն օրենքում նշված «կարող են» ձևակերպման նպատակը քննիչին բացարձակ հայեցողություն տալը չէ՝ մամուլի հրապարակման առթիվ վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը որոշելիս։
Օրենսդիրը թվարկում է, թե առերևույթ հանցանքի մասին հաղորդում ստանալիս որ դեպքերում է, որ քննիչը պարտավոր է վարույթ նախաձեռնել, ինչպես նաև նշում է, որ այս սուբյեկտների կողմից ներկայացված հաղորդումներից բացի առերևույթ հանցանքի մասին կարող են լինել նաև մամուլի հրապարակումները, որոնք ևս կարող են դառնալ վարույթ նախաձեռնելու առիթ։
Տվյալ դեպքում Factor TV-ի հրապարակումն այն մասին, որ Խաժակ Թովմասյանի պնդմամբ իրեն 10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել, ինչպես նաև տեսանյութը, որում երևում են նրա վնասվածքները, ակնհայտորեն առերևույթ հանցանքի մասին են, ինչպիսի պայմաններում պետք է արդեն իսկ վարույթ լիներ նախաձեռնված, ինչը, փաստորեն, չի արվել։
Նշենք նաև, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ վարույթը նախաձեռնվում է 24 ժամվա ընթացքում։
Արաքս Մամուլյան