Ոչ միայն Գանձասարն ու Դադիվանքը, այլ նաև հայոց երբեմնի բերդաքաղաք Շուշին Ադրբեջանի կողմից ներկայացվում է որպես քարոզչության կարևորագույն բեմերից մեկը։ Այստեղ ոչ միայն վերաշարադրվում է քաղաքի պատմությունը, այլ նաև ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի այցելուի աչքում հայկական ներկայությունը ներկայացվի որպես ավերածության ու վանդալիզմի պատմություն։ Տարածաշրջանային վերլուծաբան Ալեն Ղուլյանի կարծիքով, այդ քարոզչության համար օգտագործվում է ամեն ինչ՝ վերականգնվող շինություններ, ցուցանմուշներ, ցուցանակներ և նույնիսկ պատերի վրա հայտնված մանր դետալներ։
«Մինչ Հայաստանի իշխանությունները լուռ հետևում են օկուպացված Արցախում մեր ժառանգության ամբողջական ոչնչացմանը և կուլ են տալիս Հաջիևյան կեղծիքները, Իլհամի ռեժիմի քարոզչական մեքենան վաղուց արդեն աշխատում է առանց որևէ արգելակի։ Օգտվելով այս լռությունից՝ նրանք օգտագործում են ցանկացած մանր բեմականացում և էժան հնարք՝ միայն թե հենց մեզ ներկայացնեն որպես վայրենիներ»,– ասում է Ղուլյանը։
Շուշիի մզկիթի այսպես կոչված «վերականգնման» ընթացքում ադրբեջանցիները պատի մի հատվածը ձևավորել են որպես առանձին ցուցանմուշ։ Քարի վրա փորագրված փոքրիկ խաչը փակել են ապակու տակ՝ մետաղական ամրակներով, իսկ վերևում ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով փակցրել են հետևյալ գրությունը․ «Վերականգնման աշխատանքների ընթացքում մզկիթում, որը օկուպացիայի ժամանակ ենթարկվել էր հայկական վանդալիզմի, պատի վրա հայտնաբերվել է փորագրված խաչ»։
«Առաջին հայացքից սա կարող է թվալ պարզապես պատի վրա հայտնաբերված մի փոքրիկ հետք։ Բայց երբ այն առանձնացվում է, տեղադրվում ապակու տակ և ուղեկցվում «հայկական վանդալիզմի» մասին հատուկ ձևակերպմամբ, արդեն ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոչ թե պարզապես պատմական դետալի, այլ քարոզչական ներկայացման հետ»։
Ադրբեջանը հետևողականորեն խոսում է հայկական «վանդալիզմի» մասին, բայց նույն հետևողականությամբ չի խոսում Շուշիում պահպանված մզկիթի ու հայկական ժառանգության ճակատագրի մասին։
«Թե իրականում երբ և ինչպես է հայտնվել այդ խաչը, ոչ ոք չգիտի։ Բայց հաշվի առնելով, թե ինչ արագությամբ և ինչ ցինիզմով են նրանք ոչնչացնում հայկական ժառանգությունն ու կեղծում պատմությունը, կարելի է ենթադրել, որ հենց իրենք են հատուկ փորագրել այդ խաչը՝ այն հետագայում իրենց կեղտոտ քարոզչական նպատակներով օգտագործելու համար։ Այս ամենը հաշվարկված է այնպես, որ յուրաքանչյուր այցելու և յուրաքանչյուր զբոսաշրջիկ առաջին իսկ հայացքից մեզ տեսնի որպես բարբարոսների։ Եվ այս ամենը տեղի է ունենում մի քաղաքում, որտեղ այդ մզկիթից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նրանք ամբողջությամբ ավերել և պղծել են հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները»,- հավելեց Ալեն Ղուլյանը։
Հունան Թադևոսյան