ԱՊՀ երկրները կխորացնեն համագործակցությունն անդրազգային հանցավորության դեմ պայքարում

ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ նախագծի նպատակն է ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար բարձրացնել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցության մակարդակն անդրազգային հանցավորության դեմ պայքարում, հայտնում է 1lurer.am-ը:

Պայմանագրով նախատեսվում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել վերահսկելի օբյեկտների՝ թմրանյութերի, զենքի, մշակութային, պատմական և արվեստի արժեքների ու այլ առարկաների պետական սահմանով ապօրինի տեղափոխման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ։ Նախատեսվել է նաև կատարելագործել ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության գործող իրավական մեխանիզմները։

Պայմանագրի առանցքային սկզբունքներ են սահմանվել մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանումը, միջազգային վերահսկելի մատակարարմանը մասնակցող անձանց անվտանգության և պաշտպանության ապահովումը, կողմերի ազգային օրենսդրության պահպանումը։ Միաժամանակ նախատեսվում է միջազգային վերահսկելի մատակարարման ընթացքում ապահովել վերահսկելի օբյեկտի պահպանվածությունն ու դրա նկատմամբ հսկողությունը։

Պայմանագրի համաձայն՝ միջազգային վերահսկելի մատակարարում իրականացնելիս իրավասու մարմինների հիմնական խնդիրներն են միջազգային և միջտարածաշրջանային հանցավոր կապերի, վերահսկելի օբյեկտների տեղափոխման ուղիների ու երթուղիների հայտնաբերումը, հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, կանխարգելումն ու բացահայտումը։

Նախատեսվել է նաև հայտնաբերել և պարզել հանցագործություններ նախապատրաստող, կատարող կամ արդեն կատարած անձանց, ինչպես նաև տեղեկություններ ստանալ մարդու և քաղաքացու իրավունքներին ու ազատություններին, հասարակությանը, ազգային անվտանգությանը և պետությանը սպառնալիք ստեղծող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ։

Leave a comment