ԵՄ երկրներին չի հաջողվել երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցային ռեժիմներից մեկը

Սեպտեմբերի 14-ին ԵՄ երկրներին չի հաջողվել երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցային ռեժիմներից մեկը, հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ հինգ դիվանագետների։ 

Բրյուսելում հավատարմագրված դեսպանները պետք է համաձայնության գային պատժամիջոցների երկարաձգման շուրջ երկուշաբթի օրը, քանի որ Ռուսաստանի հետ կապված մոտ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների սառեցման ռեժիմի գործողության ժամկետը լրանում էր սեպտեմբերի 15-ին։

Դիվանագետներից երեքը հայտնել են, որ ԵՄ դեսպանները նախատեսում են կրկին հանդիպել՝ հետագա քննարկումներ անցկացնելու համար։

Ըստ պարբերականի՝ Սլովակիան պնդում է պատժամիջոցների ցուցակից հանել երկու ռուս գործարարի՝ Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին։ Politico-ի տվյալներով՝ Ֆրանսիան փորձել է փոխզիջումային տարբերակ գտնել՝ առաջարկելով ցուցակից հանել միայն Ուսմանովին։ Մյուս երկրների մեծ մասը չի ցանկացել քննարկել ցուցակից որևէ մեկին հանելու հարցը։

Խորվաթիան և Իտալիան նույնպես պաշտպանել են Ուսմանովին պատժամիջոցների ցուցակից հանելու գաղափարը։ Եվրոպական մյուս պետությունների մեծ մասը դեմ է այդ նախաձեռնությանը։

Leave a comment