Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դնում «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» խորագրով արծաթե հուշադրամը՝ նվիրված Հայաստանի անկախության հոբելյանական տարեդարձին։
Այս թողարկմամբ Կենտրոնական բանկն անդրադառնում է Երրորդ Հանրապետության պետականության ձևավորմանն ու զարգացման պատմական փուլերին։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից սկիզբ առած Երրորդ հանրապետության շրջանում սահմանվեցին պետականության գլխավոր խորհրդանիշները՝ ՀՀ դրոշը, զինանշանն ու օրհներգը, հիմնվեցին պետական պարգևներն ու կոչումները, իսկ 1993 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը՝ դրամը։
Նոր հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանն ու հայկական ավանդական զարդանախշ։ Դարձերեսին պատկերված է ՀՀ Ազգային ժողովի շենքը, ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը, ինչպես նաև հատված ՀՀ օրհներգից՝ «…Թող միշտ պանծա Հայաստան»։ Հուշադրամի վրա նշված են նաև օրհներգի հեղինակների՝ Միքայել Նալբանդյանի և Բարսեղ Կանաչյանի անունները։