Փոխնախարար․ Դպրոցներում թմրանյութերի հաստատված դեպքերը տարեկան 10-ը չեն գերազանցել

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ԱԺ-ում, անդրադառնալով դպրոցներում թմրանյութերի շրջանառությանը, նշել է, որ թեև հարցն ուղղակիորեն քննարկվող թեմային չի առնչվում, այդուհանդերձ, արձանագրվել են դեպքեր, երբ մեդիաաղմուկն ավելի մեծ է եղել, քան փաստացի հաստատված հանգամանքները։

«Օրինակ՝ Մխչյանի դպրոցի հետ կապված դեպքը, երբ պարզվեց, որ ընդամենը կավճանման նյութ է եղել և ոչ թե թմրանյութ, այսինքն՝ ստացվում է՝ մենք մի ամբողջ երիտասարդ սերնդի պիտակավորում ենք և նշում ենք, որ բոլորը թմրանյութ օգտագործող են, մինչդեռ հաստատված դեպքերի քանակը տարեկան կտրվածքով չի գերազանցում 10-ը»,- ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալը, հայտնում է 1lurer.am-ը:

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը։

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պարզաբանել է պայմանագրի քննարկման ընթացքում բարձրացված մի շարք հարցեր, որոնցից մեկը վերաբերել է թմրանյութերի աճին։

Նրա գնահատմամբ՝ թմրանյութերի հայտնաբերման քանակական աճը կարող է երկու տարբեր երևույթի մասին վկայել։

«Հուսամ՝ ձեր մեջ կան իրավաբաններ, գիտեն՝ ինչ է նշանակում լատենտայնությունը: Լատենտայնությունը նշանակում է՝ հանցագործությունը թաքուն, գաղտնի տիպի է: Այս հայտնաբերումները վկայում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի որակի բարելավման մասին, այլապես մենք չէինք ունենա յուրաքանչյուր տարի, 2023 թվականից ի վեր, աճող հայտնաբերումների քանակ այն պարագայում, երբ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը աճում է շատ ավելի մեծ տեմպերով և պատիկներով, այսինքն՝ մենք կարողություններ ենք զարգացնում մեր օպերատիվ-հետախուզական մարմինների մոտ, որպեսզի այս հայտնաբերումները ավելի շատ լինեն»,- ասել է Ղազարյանը:

2025 թվականի մայիսին տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Մխչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, և նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ նույն աշակերտներից կրկին թմրանյութ գնելու համար։

Իրավապահների իրականացրած ուսումնասիրությունից հետո թմրամիջոցից կախվածության վերաբերյալ հատվածը քրեական վարույթում չի ներառվել։ Գումար պահանջելու դրվագի առնչությամբ պարզաբանվել է, որ նպատակը տվյալները չբացահայտելն է եղել։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, անօգնական վիճակում գտնվող անձի և անչափահասի նկատմամբ կատարված շորթման հատկանիշներով։ Չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են դաստիարակչական և վարչական հսկողություն, մեկի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ ևս մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։

Leave a comment