Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքականություն

11.02.2026 | 22:24

Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Երկուստեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է տնտեսական, պաշտպանության, կիբեռանվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացումը:

Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ քննարկելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և Լիտվայի՝ Հայաստանին հնարավոր աջակցությունը: Կարևորվել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականությունը և հետագա խորացումը:

Քննարկվել են 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)  վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ընթացող գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a comment