Փոխնախարար․ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և շարունակելու է աշխատել այդ տեսանկյունից (PAN.am)

ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և շարունակելու է աշխատել այդ տեսանկյունից, հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանը՝ կարևորելով նաև դիվերսիֆիկացիան:

Նա այդ մասին խոսել է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի ազատ առևտրի համաձայնագրի վավերացման նախագիծն ԱԺ֊ում ներկայացնելիս՝ նշելով, որ այդ դեպքում Հայաստանից Ինդոնեզիա արտահանվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը զրոյացվելու կամ աստիճանաբար նվազեցվելու են, հայտնում է Sputnik Արմենիան:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել է, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի տնտեսության համար, եթե երկիրը դուրս գա կամ նրան հանեն ԵԱՏՄ-ից, ինչպես նաև հարցրել է, թե այդ պարագայում ինչ տնտեսական այլընտրանք կա։

«Հստակ ասեք՝ ի՞նչ տեղի կունենա ՀՀ տնտեսության հետ, եթե ՀՀ-ն դուրս գա կամ հանեն ԵԱՏՄ-ից։ Ո՞րն է դրա այլընտրանքը, եվրոպական շուկան քանի՞ տարի հետո կարող է փոխարինել»,– հարցրել է Խամոյանը։

Պատգամավորը նաև հիշեցրել է արտահանման ծավալների նվազման մասին և հետաքրքրվել, թե, մասնավորապես, ինդոնեզական շուկան որքանով կարող է փոխարինել ներկայում գործող շուկաներին։

«Արտահանումը, եթե չեմ սխալվում, 7 տոկոսով նվազել է։ Քանի՞ տոկոսը կարող է ինդոնեզական շուկան փոխարինել»,– ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հորդորելով «հերթապահ նախադասություններ» չասել։

Հովակիմյանը պատասխանել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և հնարավորինս օգտագործում է միության շրջանակում հասանելի մեխանիզմները։ Նրա խոսքով՝ առաջացած խոչընդոտների, այդ թվում՝ հայկական որոշ ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների հարցում ևս փորձ է արվում լուծումներ գտնել ԵԱՏՄ ընթացակարգերի միջոցով։

Միաժամանակ փոխնախարարը կարևորել է Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։

«Դիվերսիֆիկացիան այլընտրանք չունի։ Թեպետ, այո՛, ռիսկային սցենարները պետք է քննարկվեն, սակայն այս պահին Էկոնոմիկայի նախարարությունն ու կառավարությունը ֆիքսել են, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և շարունակելու ենք աշխատել այդ տեսանկյունից»,– ասել է Հովակիմյանը։

Քննարկմանը միջամտել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր հեռացման վերաբերյալ ձևակերպմանը։

«Հայաստանին ԵԱՏՄ-ից հանել հնարավոր չէ, նման մեխանիզմ գոյություն չունի»,– հայտարարել է Ռուբինյանը։

Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը, սակայն դա դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։

Leave a comment