Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

Քաղաքականություն

14.09.2026 | 16:56

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվել, գրում են վրացական լրատվամիջոցները։

«Ես որոշում եմ կայացրել լքել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Քաղաքական թիմի հետ խորհրդակցությունների արդյունքում կշարունակեմ գործունեությունս մեկ այլ գերատեսչությունում, որտեղ, ինչպես և նախկինում, լիարժեք պատասխանատվությամբ կծառայեմ մեր երկրի և հասարակության շահերին»,- նշել է նա։

Ավելի ուշ ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Գելաձեն կզբաղեցնի Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։

«Իր գիտելիքներով և փորձով նա էապես կամրապնդի Վրաստանի ներքին գործերի նախարարության թիմը»,- հայտարարել է  Կոբախիձեն։

Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում Վրաստանի  վարչապետը ներկայացրել է Թամազ Բորաշվիլիի թեկնածությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment