Կարապետյանը՝ ՔՊ-ին․ Եթե այլընտրանք կա ՀԱՊԿ-ին, ներկայացրեք (PAN.am)

ՀԱՊԿ հետ հարցեր ունենք, որոնք պետք է պարզել՝ Ջերմուկի, Վարդենիսի հետ կապված, հայտարարել է ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Եթե այլընտրանք կա ՀԱՊԿ-ին, ներկայացրեք»,-ասել է նա՝ դիմելով ՔՊ-ին, հայտնում է Panorama.am-ը:

ԱԺ-ն քննարկել է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը։ Կարապետյանը հայտնել է, որ իրենք դեմ են քվեարկելու։

Նա նաև նշել է. «Ազգային շահերից խոսեուց՝ համազգային տերմինը մի հանեք կառավարության անդամի երդումի տեքստից, ազգ, ժողովուրդ, ժողովրդի հանդեպ պարտավորությունները մի հանեք, բազային մեսիջ է կառավարության ղեկավարին, որ իր ժողովրդին պետք է պարտական լինի ու ծառայի»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ: Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։

Leave a comment