Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին

Ուկրաինայի արևմտյան հատվածի ուղղությամբ ռուսական անօդաչու թռչող սարքերի կիրակնօրյա հարձակման հետևանքով Լեհաստանի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Լեհական համակարգերը հայտնաբերել են «Գերան-5» տիպի մի քանի ռեակտիվ անօդաչու թռչող սարք, որոնց մի մասը գործել է Լեհաստանի սահմանի անմիջական մերձակայքում։ ԱԹՍ-ներից մեկը պայթել է Լեհաստանի սահմանից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա, իսկ մյուսը՝ 5 կիլոմետր հեռավորության վրա, գրում է Euronews-ը։

Ստեղծված սպառնալիքի պատճառով օդ են բարձրացվել լեհական կործանիչները։ Ուժային կառույցները նաև նախազգուշացումներ են տարածել սահմանամերձ շրջանների բնակիչների համար։ Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության տվյալների համաձայն՝ Լեհաստանի օդային տարածքը չի խախտվել։

Ռուսական հարձակումների հետևանքներ են գրանցվել նաև տրանսպորտի և սահմանային անցակետերի հետ կապված ենթակառուցվածքների շրջանում։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է Կիև-Վարշավա երթուղով ընթացող գնացքին՝ դեռևս Ուկրաինայի տարածքում։ Մեկ այլ ԱԹՍ հարվածել է Դորոշուսկ-Յագոդին սահմանային անցակետի շրջանին։

Կիրակի նախարարների մասնակցությամբ հանդիպումը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները նկատելիորեն մոտենում են Լեհաստանի սահմանին։

«Ռուսաստանի Դաշնության կողմից գործողությունների էսկալացիան դառնում է փաստ, և դրա դրսևորումներն ավելի ու ավելի են մոտենում մեր սահմանին»,- հայտարարել է Տուսկը։

Նա նաև հիշեցրել է, որ սահմանային անցակետերի աշխատանքը խաթարելու փորձերը ռուսական մարտավարության նոր տարր չեն․ «Ինչպես գիտեք՝ հարձակումը կամ սահմանային անցակետերի աշխատանքը կաթվածահար անելու փորձը նմանատիպ առաջին դեպքը չէ։ Մենք արդեն բախվել ենք դրան Մոլդովայում և հասկացել ենք, որ ռուսական ծրագրերը ներառում են ուկրաինական անցակետերի ապակազմակերպման, աշխատանքը կաթվածահար անելու, հնարավոր է՝ նաև ոչնչացնելու փորձ։ Հետևաբար, դա առնչվում է նաև մեր երկրին»։

Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի գործողությունների հետագա սրման հնարավորությունը։

«Առաջիկա շաբաթներն ու ամիսները կլինեն ռուսական կողմից շատ ինտենսիվ ակտիվության շրջան, և մենք, ցավոք, չենք կարող բացառել, որ այս սրացումը կազդի նաև մեր տարածքի վրա»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Տուսկը հույս է հայտնել, որ վատագույն սցենարը չի իրականանա։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է՝ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Լեհաստանը պետք է պատրաստ լինի ավելի լուրջ սցենարների։ Տուսկը շեշտել է լեհական ծառայությունների կողմից ստացված տեղեկատվության արագ և մանրակրկիտ ստուգման անհրաժեշտությունը, հատկապես՝ արտակարգ իրավիճակներում։

«Կասկած չկա, որ մենք մեր դաշնակիցների հետ միասին պետք է պատրաստ լինենք պատասխան գործողությունների, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Գիշերային հարձակումները ցույց են տալիս, որ ռուսները պատրաստ են կիրառել նախկինում եղածից ավելի վտանգավոր սպառազինություն։ Խոսքը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի մասին է․ դրանց հեռահարությունն ու ճշգրտությունը լուրջ մտահոգություն են առաջացնում»,- հայտարարել է Տուսկը։

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզար Տոմչիկի տեղեկությունների համաձայն՝ կիրակի Ուկրաինայի արևմտյան հատվածի ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում գրանցվել է 13 հարված։

Սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար, գեներալ Բագանի խոսքով  էլ՝ ներկայում լեհ-ուկրաինական սահմանային անցակետերում իրավիճակը վերահսկելի է, երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։

Ավելի վաղ, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանահատման գործընթացը պարբերաբար դադարեցվում էր։ Դրա պատճառն ուկրաինական կողմում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ կապված սպառնալիքն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment