Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում հայտնաբերվել է թույլատրելի սահմանային շեմը գերազանցող սնդիկի պարունակություն, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին նախարարությունը հորդորում է զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշ են վերցրել։ Լաբորատոր հետազոտության արդյունքով նմուշում հայտնաբերված սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
«Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները»,–հայտնում է նախարարությունը։
Արձանագրված շեղման մասին տեղեկացվել են բոլոր պատասխանատու մարմինները՝ բնակչության ջրամատակարարման կարիքներն ապահովելու նպատակով։
Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված որևէ ախտանիշ չի արձանագրվել։
Կառավարությունն ու համայնքը միջոցներ են ձեռնարկելու՝ մինչև խնդրի կարգավորումը գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրով ապահովելու համար։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում ջրի աղտոտման պատճառը պարզելու ուղղությամբ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում ևս հորդորել է թուլության, գլխացավի, սրտխառնոցի, այտուցների, ձեռքերի դողի, մաշկի ցանավորման կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի։