iSeeCars Research-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են ավելի քան 395 միլիոն ավտոմեքենաների վերաբերյալ տվյալներ և պարզել, թե որ ապրանքանիշերն են աչքի ընկնում ամենաբարձր հուսալիությամբ։ Ուսումնասիրության կենտրոնում այն մեքենաներն են, որոնք կարող են հաղթահարել 400 հազար կիլոմետր և ավելի վազքի սահմանը։
Անվիճելի առաջատարներ են դարձել ճապոնական արտադրողները։ Այսպես, Toyota-ի ավտոմեքենաների դեպքում այդ նշաձողին հասնելու հավանականությունը կազմում է 19.7%, ինչը 3.7 անգամ բարձր է ոլորտի միջին ցուցանիշից՝ 5.4%-ից։ Երկրորդ տեղում Lexus-ն է՝ 14.4% ցուցանիշով, որին հաջորդում են Honda-ն՝ 13.3%, Acura-ն՝ 9.5%, և GMC-ն՝ 5.8%։ Լավագույն հնգյակում է նաև Mazda-ն՝ 5.3% ցուցանիշով։ Վարկանիշի մյուս մասնակիցների արդյունքները 5%-ից ցածր են։
Զանգվածային շուկայում առաջատարների և մյուս արտադրողների միջև տարբերությունն ավելի նկատելի է։ Բյուջետային ավտոմեքենաների՝ բարձր վազքի հասնելու միջին հավանականությունը կազմում է 5.8%, սակայն Toyota-ն այդ ցուցանիշը գերազանցում է 3.4 անգամ, իսկ Honda-ն՝ 2.3 անգամ։ Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Chrysler-ի, Fiat-ի և Mini-ի դեպքում։
Պրեմիում սեգմենտում նշված վազքը հաղթահարելու միջին հավանականությունը կազմում է ընդամենը 3.4%։ Միևնույն ժամանակ Lexus-ը գերազանցում է այդ ցուցանիշը 4.2 անգամ, իսկ Acura-ն՝ 2.8 անգամ։ Նրանց հաջորդում են Lincoln-ը և Cadillac-ը։ Իսկ Jaguar-ն ու Maserati-ն հայտնվել են վարկանիշի ամենավերջում՝ զրոյական ցուցանիշով։
Վերլուծաբան Կառլ Բրաուերը ուշադրություն է հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա․ թանկարժեք ավտոմեքենաների, այդ թվում՝ Porsche-ի, BMW-ի, Audi-ի, Land Rover-ի և Buick-ի ցածր ցուցանիշները միշտ չէ, որ վկայում են դրանց վատ որակի մասին։ Այս մեքենաների սեփականատերերը հազվադեպ են դրանք օգտագործում ամենօրյա երկարատև երթևեկության համար։ Հետևաբար, բարձր վազքով պրեմիում ավտոմեքենա գնելիս կարևոր է հաշվի առնել այս հանգամանքը՝ մեքենայի իրական վիճակն ավելի ճշգրիտ գնահատելու համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։