Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron-ը ներկայացրել են ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապիկները։ Տնային մարզաշապիկի դիզայնում օգտագործվել են հայկական թռչնագրային նախշեր, իսկ արտագնայինը ոգեշնչված է հին մատյանների եզրազարդերից։ Ներկայացման տեսահոլովակը նկարահանվել է Մատենադարանում։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Macron ընկերությունը ներկայացնում են Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ տնային և արտագնա մարզաշապիկները։
Նոր մարզաշապիկների դիզայնը ոգեշնչված է հայկական զարդագրության առանձնահատուկ տարրերով։ Տնային մարզաշապիկին թռչնագրային նախշազարդեր են, իսկ արտագնայի դիզայնը ոգեշնչված է մատյանները եզերող զարդանախշերից։
Այսպիսով, դարերի պատմություն ունեցող այս տարրերը դառնում են հավաքականի նոր կերպարի մի մասը։
Նոր մարզաշապիկների պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին ՀՖՖ-ն կհայտարարի առաջիկայում։
Նոր մարզաշապիկների ներկայացման տեսահոլովակի նկարահանումն իրականացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մատենադարանին նկարահանմանն աջակցելու համար»,- ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունում։