Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն, ով հրաժարական է տվել «Կարթագեն» գործի շուրջ ծագած սկանդալից հետո, հայտարարել է, որ ստորագրել է կասկածանքի մասին ծանուցումներ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Սեմեն Կրիվոնոսի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոյի մերձավոր անձի նկատմամբ։
«Հավաքված ապացույցների հիման վրա ես ստորագրել եմ ՆԱԲՈՒ-ի տնօրեն Սեմեն Կրիվոնոսի նկատմամբ կասկածանքի մասին ծանուցումը։ Նրան կասկածում եմ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափի ապօրինի օգուտ ստանալու և իրավական պատասխանատվությունից խուսափելու հիմքեր ստեղծելու նպատակով կեղծ որդեգրման դիմելու մեջ», – ուղերձում հայտարարել է Կրավչենկոն։
Նրա խոսքով՝ կասկածանքի մասին երկրորդ ծանուցումը վերաբերում է ՍԱՊ-ի ղեկավարի մերձավոր անձին և առնչվում է Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի դատավորների վրա ազդեցություն գործադրելուն, նրանց ապօրինի օգուտներ առաջարկելուն և զինվորական մոբիլիզացիայից խուսափելուն աջակցելուն։
Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն արդեն հայտարարել է, որ «ՍԱՊ-ի ղեկավարի մերձավոր անձը» հենց Կլիմենկոյի կինն է։
Կրավչենկոն նշել է, որ «այսպես կոչված՝ «Կարթագեն» գործողությունն ուղղված չի եղել բացառապես ինձ դեմ։ Դրա իրական նպատակն է եղել հասանելիություն ստանալ ՆԱԲՈՒ-ի և ՍԱՊ-ի ղեկավարների ու աշխատակիցների վերաբերյալ գործերի նյութերին, իսկ այնուհետև՝ հեռացնել գլխավոր դատախազին և կասեցնել այդ գործերով ընթացակարգային որոշումները»։
Ըստ գլխավոր դատախազի՝ Կրիվոնոսը կեղծել է փաստաթղթեր՝ առանձնապես խոշոր չափի ապօրինի օգուտ ստանալու նպատակով։ Կրավչենկոն գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալու իր որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Սա կանխամտածված քաղաքական որոշում է»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն դիմել է խորհրդարանին՝ խնդրելով պաշտպանել գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի պաշտոնանկությունը. «Այս գլխավոր դատախազի համար կա միայն մեկ ճանապարհ՝ պաշտոնանկություն։ Հենց դա էլ ես ասել եմ նրան։ Ուկրաինան տեսել է բոլոր պատճառները»։ Զելենսկու խոսքերով՝ եթե Կրավչենկոն սա դիտարկում է որպես քաղաքական ճնշում, ապա ազատ է այդպես անվանելու. «Խնդրում եմ խորհրդարանականներին՝ առանց հապաղելու պաշտպանել այս պաշտոնանկությունը»։