Գրոնոն, Հաջիևի հետ Արցախ այցից հետո, սեպտեմբերի 14-ին կժամանի Երևան (PAN.am)

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան այցից հետո, որտեղ նա մասնակցել է դիվանագետների համար Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կազմակերպած այցին Արցախ, այցելել հայկական եկեղեցիներ, որոնք ներկայացվել են որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն, սեպտեմբերի 14-ին կժամանի Երևան: Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբոլոգում:

«Սեպտեմբերի 11–12-ին ես առաջին անգամ մասնակցել եմ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից դիվանագիտական կորպուսի համար կազմակերպված ուղևորությանը դեպի Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում նախկին հակամարտության գոտիներ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Մենք հնարավորություն ենք ունեցել շփվելու տեղական իշխանությունների ներկայացուցիչների, նախկին հարկադիր տեղահանվածների և լրատվամիջոցների հետ։ Ուղևորության ընթացքում մենք նաև այցելել ենք մշակութային և կրոնական ժառանգության տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ մզկիթներ և եկեղեցիներ»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Նա հավելել է, որ Բաքվում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին Եվրոպական միության աջակցությունը, այդ թվում՝ նախկին հակամարտության հետևանքների հետ կապված հումանիտար հարցերը, ինչպես նաև փոխկապակցվածության և տարածաշրջանային համագործակցության ոլորտում գործադրվող ջանքերը։

«Ադրբեջանում մտքերի փոխանակումից հետո այժմ անհամբեր սպասում եմ վաղը Երևանում Հայաստանի պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներին», — գրել է նա։

Գրոնոն Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ։

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին Հաջիևը տարել է Գանձասար և Դադիվանք՝ դրանք ներկայացնելով որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս:

«Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցիչներին` նշելով, որ Ստեփանակերտ այցելած և այսպես կոչված «Հաղթանակի զբոսայգում» լուսանկարված օտարերկրյա դեսպանները չպետք է դառնան Ադրբեջանի քաղաքական և քարոզչական պատումի մաս, որտեղ հայ բնակչության վտարման հետևանքները ներկայացվում են որպես «հաղթանակ» և «ազատագրում»։

Leave a comment