«Արարատցեմենտն» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան

Պետական կառավարման անցած «Արարատցեմենտ» գործարանն աշխատում է առավելագույն հզորությամբ և օգոստոսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Նրա տվյալներով՝ օգոստոսի արտադրության ծավալը շուրջ 16 հազար տոննայով գերազանցել է հուլիսի, իսկ ավելի քան 26 հազար տոննայով՝ հունիսի ցուցանիշը։

 

Պապոյանը նշել է, որ ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով։

 

Նախարարը նաև անդրադարձել է ներմուծվող ցեմենտի նկատմամբ սահմանված տուրքին՝ ընդգծելով, որ դեռևս 2019 թվականից ընդունված այդ որոշումը հնարավորություն է տվել պահպանել «Արարատցեմենտի» գործունեությունը։

 

«Եթե այս ռազմավարական որոշումը տարիներ առաջ կատարած չլինեինք, ապա այսօր առհասարակ ցեմենտ չէր լինի մեր շուկայում»,- գրել է Պապոյանը։

Leave a comment