Հայազգի եղբայրները հրդեհի ժամանակ փրկել են տարեցների խմբի Կալիֆոռնիայում

Ուրբաթ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում խնամքի ծառայություններ մատուցող հաստատությունում բռնկված հրդեհի ժամանակ երկու երիտասարդ եղբայրներ փրկել են տարեցների մի խմբի։

Գիշերը Գլենդելի հրշեջները կանչով մեկնել են Մաունթին փողոցի 1800 թաղամաս։ Հայազգի 20-ամյա Ալեքս Բազինյանը և նրա եղբայրը՝ 15-ամյա Նարեկ Բազինյանն են օգնության հասել տարեցներին։

«Ես դուրս վազեցի և նայում էի դեպի մուտքի դուռը, երբ տեսա դրսում բուժքրոջը, որն օգնություն էր կանչում»,- պատմել է Ալեքսը Nexstar-ի KTLA հեռուստաալիքի լրագրող Ջոն Ֆենոգլիոյին։

Եղբայրներն իմացել են, որ ներսում մի քանի մարդ է արգելափակվել. շինությունը ծառայել է որպես տարեցների խնամքի հաստատություն։

Սկզբում Նարեկը վերցրել է այգու ջրման խողովակը՝ կրակը մարելու նպատակով, սակայն երբ հրդեհն ուժգնացել է, իսկ օգնության կանչերն ավելի բարձր են հնչել, նրանք հասկացել, որ պետք է մտնեն կրակի մեջ։ Շենքում ութ մարդ է եղել՝ երկու դայակներ և տարեց վեց բնակիչներ, որոնցից շատերը չեն կարողացել քայլել։ Եղբայրները պատմել են, որ դայակներն ամեն կերպ փորձել են տարեցներին դուրս բերել տնից, սակայն դժվարացել են։

Եղբայրներին հաջողվել է անվտանգ դուրս բերել տարեց բնակիչներին և տեղափոխել տան առջևի սիզամարգ՝ մինչ հրշեջ խմբերի ժամանումը։

Հրշեջները ժամանել են դեպքի վայր և մարել կրակը նախքան հարակից տների վնասվելը։ Գլենդելի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ պայթել է թթվածնի բալոն, ինչի հետևանքով տան մի մասը փլուզվել է։

Յոթ մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հրդեհի պատճառը պարզելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Ինչ վերաբերում է Ալեքսին և Նարեկին, ապա նրանք պատմել են, որ պարզապես գործել են բնազդաբար, և նրանց ուշադրության կենտրոնում միայն այրվող տնից բոլորին արագ դուրս բերելն է եղել։ «Դա այն բնազդն է, երբ օգնության կարիք ունեցող մարդկանց տեսնելիս ցանկանում ես օգնել նրանց», – ասել է Ալեքսը։ «Չես էլ մտածում, թե ովքեր են նրանք։ Մենք այստեղ շատ համախմբված համայնք ունենք»։

Leave a comment