Յանա Մանթաշևան գրում է.
«Հիքմեթ Հաջիևն ասել է, որ Գանձասարը Կովկասի հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության մաս է։ Հասան-Ջալալ Դոլային անվանել է վանքի հիմնադիր ու «աղվանական քանոն», իսկ վանքն ինքնին՝ Կովկասյան Աղվանքի դարավոր քրիստոնեական ավանդույթի վկայություն։ Նա նաև նշել է, որ դիվանագիտական կորպուսի հետ այցելել է Գանձասար ու Դադիվանք՝ հենց այդ ժառանգությունը ցույց տալու համար։ Հաջիևը ցույց է տվել Հասան-Ջալալի սերունդ Հասան-Ջալալ Ալլահվերդիբեկովի տապանաքարն ու ասել, թե դա ապացուցում է տոհմի պատմական հաջորդականությունն ու «նախնիների հիշողությունը»։ Ապա հայկական կողմին մեղադրել է, թե վերահսկողության տարիներին, վերականգնման պատրվակով, փոխվել է վանքի սկզբնական տեսքն ու ճարտարապետական իսկությունը, ու հավելել, թե Ադրբեջանը պաշտպանելու և վերականգնելու է իր տակ գտնվող բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։
Իսկ Նիկոլը Սևանում խալաթով լողում է ու բլոգերների հետ քննարկում, թե վերջին անգամ Նիկոլը երբ է զուգարանի թուղթ գնել։
Իրականում սրան պետք էր շատ կոշտ արձագանքել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ սկսած Հայաստանում դիվանագետներին հավաքելուց մինչև աշխարհով մեկ բարձրաձայնելուց, որ Գանձասարը հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց է, իսկ Հասան-Ջալալյանները եղել են հայ իշխանական տոհմ։ Աղվանից կաթողիկոսությունն էլ դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, որտեղ ամեն ինչ՝ արձանագրություններից մինչև ծեսերը, եղել է բացառապես հայերեն։ Պետք էր անմիջապես փաստաթղթերով դիմել UNESCO-ին ու միջազգային կառույցներին՝ ահազանգելով, որ տեղի է ունենում հայկական ինքնության բացահայտ յուրացում ու պատմական կեղծարարություն, ինչը հետո, բնականաբար, նախորդելու է հուշարձանները ֆիզիկապես ձևափոխելուն։
Ինչ վերաբերում է այն «խաղաղասեր» խմբերին, ովքեր իրենց անվանում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ․ եթե դուք իսկապես արդարության ու խաղաղության կողմնակից եք, ապա չեք կարող աչք փակել այն բանի վրա, երբ ամբողջական մշակույթ է յուրացվում ու ջնջվում։ Չի կարելի խաղաղության մասին խոսել ու միաժամանակ լռել, երբ դիմացինդ քո պատմությունն է ձեռքիցդ առնում։ Ու այն մարդիկ, որոնք գնում-գալիս են Բաքու կամ երկխոսություն են անում, պարտավոր են հենց առաջին հերթին բարձրացնել մեր պատմամշակութային իրավունքների հարցը։ Եթե դա չեն անում, նշանակում է՝ իրենց համար արդարությունն ու հավասարությունը միայն ձևական լոզունգներ են, իսկ իրականում սպասարկում են միայն դիմացինի շահերը՝ սեփական արժեքները զոհելու հաշվին»։