Ուրիշի կյանքը քո ուսերին վերցնելը միշտ չէ, որ լավ գաղափար է. «Ճերմակ շապիկ» Ֆիլմը մեծ էկրանին է

Ուրիշի կյանքը քո ուսերին վերցնելը միշտ չէ, որ լավ գաղափար է. «Ճերմակ շապիկ» Ֆիլմը մեծ էկրանին է

  Արժեքներ, բեկումնային իրադարձություններ և հոգեկան առողջության նուրբ գիծ. մեծ էկրան է բարձրացել Monk3 Production-ի առաջին գեղարվեստական ֆիլմը` «Ճերմակ շապիկը»։

  Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, սցենարի հեղինակը՝ Անի Մաղաքյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարո Նաղդալյանը։ Գլխավոր դերերում են Մերի Քոչարյանն ու Թելման Խաչատրյանը։

 

   Կարո Նաղդալյանի խոսքով` նպատակ ունեն մարդկանց մոտ հույզեր առաջացնել. «Մենք պատասխանատու ենք մեր առաջացրած ապրումների և հույզերի համար, ինչպես նաև պատմությունը մարդու կատարած քայլերին ու դրանց հետևանքներին ուշադրություն դարձնելու մասին է՝ չանտեսելով այն նրբություններն ու մանրուքներըը, որոնք հաճախ շրջանցում է»։

  Ֆիլմում նուրբ թելով գնում է հոգեկան առողջության խնդիրը, որը երբեմն առաջին հայացքից հասկանալի չէ։ Պատմությունը սկսվում է նրանից, որ գլխավոր հերոս Մարկին (Թելման Խաչատրյան) մեծահարուստ հայրը՝ Վահրամ Սահակյանը (Բաբկեն Չոբանյան), հոգեբուժարան է ուղարկում, որպեսզի նա պատիժը չկրի բանտում։ Մարկն այնտեղ հանդիպում է Սալլիին (Մերի Քոչարյան), և սկսվում է տղայի կյանքում ճակատագրական փոփոխությունների և վերիաիմաստավորման փուլ։ 

   Գլխավոր դերակատաները դերից պահանջվող ամբողջ հոգեհուզական դաշտը կարողանում են փոխանցել թե՜ դերասանական խաղի, թե՜ սցենարային յուրահատուկ լուծումների շնորհիվ։ Անի Մաղաքայանը, սցենարը գրելիս, նախատիպ չի ունեցել, բայց հասցրել է ուսումնասիրել հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկարագրերը, ծանոթանալ մասնագիտական հարցերի։

Ռեժիսոր Հովհաննիսյանի համար էլ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց անդրադառնալը հեշտ չի եղել։

«Առաջին անգամ էի այս թեմայի մասին նկարում, բավական դժվար էր: Պետք էր գոնե նվազագույն ուսումնասիրություն անել ու ծանոթանալ խնդրին: Ասեմ, որ պարզապես հավանել եմ պատմությունն ու առավելագույնս փորձել էմոցիաներ փոխանցել։ Դերասանների ընտրութւունն էլ հեշտ չի եղել, բայց ուրախ եմ, որ այսպիսի ստեզծագործական կազմ ունենք»,- նշել է ռեժիսորը:

«Ճերմակ շապիկ» ֆիլմում նկարահանվել են նաեւ Արամ Կարախանյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ալեքսանյանը եւ ուրիշներ:

Արմինե Բրսոյան

Leave a comment