Մանվել Խնձրցյանը ոսկե մեդալ է նվաճել

Սպորտ
Պաշտոնական

Մանվել Խնձրցյանը ոսկե մեդալ է նվաճել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի «Դինամո» մարզահամալիրում այսօր ներկա է եղել «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի բացմանը, ապա հետևել եզրափակիչ գոտեմարտերին և մասնակցել պարգևատրման արարողությանը։

Մրցաշարին 18 երկրի շուրջ 200 մարզիկ է մասնակցում: Նախարարը ողջունել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին, միջազգային 26-րդ մրցաշարի մասնակիցներին և հյուրերին՝ կարևորելով արդեն 26-րդ անգամ անցկացվող մրցաշարի շարունակական զարգացումն ու միջազգային աշխարհագրության ընդլայնումը։

«Պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի ոչ միայն ընդլայնենք մրցաշարի միջազգային աշխարհագրությունը, որն այսօր էլ տպավորիչ է, այլև կարողանանք մրցաշարը տանել մարզեր։ Հույս ունեմ՝ հաջորդ տարի մրցաշարը կանցկացնենք Վանաձորում, և այն կվերադառնա այնտեղ, որտեղից սկիզբ է առել»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ աշխատանքներ են իրականացվում Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցման ուղղությամբ:

Նախարարի խոսքով՝ միջազգային մրցաշարերի անցկացմամբ Հայաստանը վերահաստատում է իր տեղը սպորտային քարտեզում, որի ուղղությամբ Կառավարությունը հետևողական քաղաքականություն է վարում՝ հյուրընկալելով Եվրոպայի և աշխարհի տարբեր առաջնություններ: 

«Սա կարևոր է ոչ միայն մեր երկիրն ավելի տեսանելի դարձնելու, այլև Հայաստանում սպորտն առավել գրավիչ դարձնելու առումով։ Այստեղ տեսնում եմ տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ երիտասարդների, պատանիների և երեխաների․ վստահ եմ՝ նրանց ներկայությունն ու մասնակցությունը լրացուցիչ ոգևորություն են ստեղծում, որպեսզի մեր երկրում ևս ավելի շատ երեխաներ զբաղվեն սպորտով և հաջողություններ գրանցեն ամենատարբեր մակարդակներում։ Դա առողջ պետություն, առողջ հասարակություն և զարգացած ապագա ունենալու կարևոր նախապայման է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հաջողություն մաղթել մրցաշարի մասնակիցներին։

Հայաստանի հավաքականի կազմում այսօր առաջին ոսկե մեդալը նվաճել է 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Նրան պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանը:

Հայաստանի թիմից մրցաշարին մասնակցում են հավաքականի գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը: Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու բազմաթիվ այլ անվանի մարզիկներ:

Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը:

Leave a comment