Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ․ DW

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Մայամիում՝ դեկտեմբերին նախատեսված G20 գագաթնաժողովի ժամանակ, եթե Ռուսաստանի առաջնորդը մասնակցի։

«Այո, իհարկե։ Մենք պետք է գանք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք։ Խոսքը խոսքերի մասին չէ։ Կարևոր չէ, թե ես ինչ եմ ասում նրան կամ ինչ է նա ուզում ինձ ասել։ Միայն արդյունքն է կարևոր։ Այսքանը», — DW-ին ասել է Զելենսկին։

Զելենսկին և Պուտինը անձամբ չեն հանդիպել 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։ Կրեմլը դեռևս չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կմեկնի Մայամի հանդիպմանը։ Ռուսաստանի նախագահը չի մասնակցել G20-ի գագաթնաժողովին 2019 թվականից ի վեր։

DW-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Ուկրաինան այժմ շատ ավելի ուժեղ է մարտադաշտում, քան անցյալ տարի, մինչդեռ Ռուսաստանն ամսական կորցնում է ավելի քան 30,000 մարդ՝ վճարելով «հսկայական գին մարտադաշտում շատ դանդաղ առաջխաղացման համար»։ 

«Հետևաբար, մենք կարծում ենք, որ այժմ լավ դիրքում ենք բանակցությունների համար»,-նշել է նա։

«Հնարավոր է՝ որոշ մարդկանց դուր չի գալիս «հրադադար» բառը։ Ինձ համար միևնույն է, թե ում է դուր գալիս, ում ոչ։ Մենք սիրում ենք կյանքը։ Մենք ուզում ենք խաղաղություն, և այդ պատճառով էլ մենք բանակցություններ ենք վարում», — ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ Զելենսկիի, էներգակիրների և հացահատիկի առաքումների վրա հարձակումների դադարեցումը կարող է ծառայել որպես խաղաղության մեկնարկային կետ։ «Ի՞նչը կարող է մեզ տանել որևէ տեսակի բանակցությունների․ էներգիա և հացահատիկ։ Սա առաջին քայլն է։ Սա այն է, ինչին մենք կարող ենք հասնել», – ասել է նա։

Leave a comment