ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» ՔԿՀ-ից հղած նամակում նշել է, որ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է և կարևորել հանրային համերաշխությունն ու տարբեր ուժերի համագործակցությունը:
Նա հավելել է, որ կյանքը ոչ մի ընտրությունից հետո կանգ չի առնում, «որքան էլ անարդարությունները մեծ լինեն»։
«Մարդկանց հուզող, մտահոգող խնդիրներն էլ ընտրություններից հետո հենց այնպես, իրենք իրենց չեն լուծվում։ Ե´վ խնդիրներն են մնում, և´ բարձրացված հարցերը, և´ առաջարկված լուծումները։ Դեռևս ամիսներ առաջ, երբ մեր թիմն աշխատում էր մեր ծրագրի վրա, ես ասում էի, որ սա մեկ ամսվա կամ մեկ ընտրության ծրագիր չէ։ Սա Հայաստանի զարգացման, վերականգնման ծրագիրն է, որը բարձրացնում է շատ հարցեր ու տալիս շատ լուծումներ։ Ես նույնը ասում եմ հիմա, երբ զրկված եմ ժողովրդի հետ շփվելու հնարավորությունից։
Մեր խնդիրները չեն վերացել, չեն անհետացել։ Ավելին՝ այս ամիսներին ավելացել են նորերը։
Ես կարևորում եմ, որ իմ թիմի ներկայացուցիչները՝ ԲՀԿ անդամներ և անկուսակցականներ, ակտիվորեն ներգրավված լինեն երկրի հանրային կյանքում, մասնակցեն մեր երկրի համար բոլոր կարևոր հարցերի քննարկմանը։ Կարևոր է արդյունավետ համագործակցությունը՝ տարբեր քաղաքական, հասարակական միավորների, մասնագիտական խմբերի, ակտիվ քաղաքացիների հետ։ Շատ կարևոր է միջազգային գործընկերների հետ աշխատանքը։
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է։ Սովորաբար, բարդ փուլերը հաղթահարելու նպատակով, երկրները, հասարակությունները միավորում են իրենց ուժերը, խելք խելքի տալիս, միասնական ջանք գործադրում։ Մի բառով՝ ստեղծում են ներքին համերաշխության մթնոլորտ։ Մենք պարտավոր ենք ստեղծել այդ մթնոլորտը, եթե մեզ համար թանկ է մեր երկիրը։ Այս հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին։ Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ ուժերի ներածին չափով աշխատել հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի։ Ես ակնկալում եմ սա նաև իմ թիմից։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի բոլոր ռեսուրսները՝ այս բարդ փուլը հաղթահարելու համար»,-ասվում է ուղերձում:
Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։