Դատարանը մասնակի բավարարել է ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի դեմ Գրիգոր Տեր-Ղազարյանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած պահանջները՝ կապված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների հրապարակային հերքման, պատվի, արժանապատվության և գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման հետ։
Դատարանը Մեսրոպ Մանուկյանին պարտավորեցրել է հրապարակային և բոլոր օգտատերերի համար հասանելի կարգավիճակով (ռեժիմով public) հերքել զրպարտություն համարված փաստացի տվյալները՝ հրապարակելով հետևյալ տեքստը՝ «Ես՝ Մեսրոպ Մանուկյանս, հրապակայնորեն հերքում եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ օգտահաշվի միջոցով 2026 թվականի հունվարի 8-ին հրապարակված՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» վերտառությամբ տեսանյութում Գրիգոր Տեր- Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին վերաբերող և զրպարտություն պարունակող բոլոր փաստերն ու տվյալները, մասնավորապես այն, որ նրանք ՔՊ-ից 2 միլիոն դոլար և ավելի «գրեֆ» են ստացել»:
Դատարանը նաև Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության որոշել է բռնագանձել ընդհանուր 300,000 դրամ՝ յուրաքանչյուրին 150,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով դատարանը համարել է լուծված։
Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դատարանը որոշել է բռնագանձել նաև 29,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից մեկ ամիս անց։ Այն հնարավոր է բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Վճիռը կամավոր չկատարելու պարագայում այն ենթակա է լինելու կատարման Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։