Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերով բռնագանձվել է ավելի քան 15 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Ազատությունը»:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ընդունումից մինչ օրս կնքվել է 11 հաշտության համաձայնություն: Հաշտության համաձայնությունների արդյունքում՝ հօգուտ Հայաստանին փոխանցվել է 8 անշարժ և 2 շարժական գույք, իսկ հաշտության համաձայնությունների դրամական արժեքը (գույք և դրամական միջոց) ընդհանուր կազմում է՝ 5,552,009,134 դրամ, այսինքն, ավելի քան 15 միլիոն դոլար», – նշել է դատախազությունը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մարտին հրապարակած տվյալների համաձայն՝ դատարաններում քննության փուլում գտնվող հայցերի ընդհանուր թիվը հասել է 166-ի, իսկ դրանց ընդհանուր հայցագինը կազմել է մոտ 612 միլիարդ 592 միլիոն դրամ կամ ավելի քան մեկուկես միլիարդ դոլար:
Այսօր ավելի վաղ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում։ Նախատեսվող փոփոխությունների թվում ներառվել է նաև օրենքից «հաշտության համաձայնություն» դրույթը հանելը։
Օրենքից «հաշտության համաձայնության» վերաբերյալ կարգավորումը հանելու մասին ավելի վաղ ոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանձնարարել է վերացնել այդ կարգավորումը: