Ծառուկյանը կալանավայրից իր թիմին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել երկրի հանրային կյանքում

Բաժանորդագրվել

ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ այժմ շատ կարևոր է իր թիմի արդյունավետ համագործակցությունը՝ տարբեր քաղաքական, հասարակական միավորների, մասնագիտական խմբերի, ակտիվ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր թիմին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել երկրի հանրային կյանքում, մասնակցել բոլոր կարևոր հարցերի քննարկմանը։ Այս մասին նա ուղերձ է հղել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։

Նա նշել է, որ իրենց նախընտրական ծրագիրը` երկրի զարգացման համար, մնում է արդիական և պետք է աշխատել այդ ուղղությամբ։

«Ե´վ խնդիրներն են մնում, և´ բարձրացված հարցերը, և´ առաջարկված լուծումները։ Դեռևս ամիսներ առաջ, երբ մեր թիմն աշխատում էր մեր ծրագրի վրա, ես ասում էի, որ սա մեկ ամսվա կամ մեկ ընտրության ծրագիր չէ։ Սա Հայաստանի զարգացման, վերականգնման ծրագիրն է, որը բարձրացնում է շատ հարցեր ու տալիս շատ լուծումներ։ Ես նույնը ասում եմ հիմա, երբ զրկված եմ ժողովրդի հետ շփվելու հնարավորությունից»,–գրել է Ծառուկյանը։

Նա շեշտել է, որ այժմ շատ կարևոր է իր թիմի արդյունավետ համագործակցությունը՝ տարբեր քաղաքական, հասարակական միավորների, մասնագիտական խմբերի, ակտիվ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ։

«Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ ուժերի ներածին չափով աշխատել հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի։ Ես ակնկալում եմ սա նաև իմ թիմից։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի բոլոր ռեսուրսները՝ այս բարդ փուլը հաղթահարելու համար»,–նշել է Ծառուկյանը։

Leave a comment