11/9-ի ողբերգության 25-րդ տարելիցին ԿՀՎ-ն ապագաղտնազերծել է «Ալ-Քաիդայի» վերաբերյալ 71 փաստաթուղթ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ ապագաղտնազերծել է 71 փաստաթուղթ, որոնք պարունակում են տվյալներ «Ալ-Քաիդայի» կողմից իրականացված հարձակման նախապատրաստման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է The New York Times պարբերականը, հրապարակված նյութերը հաստատում են Ահաբեկչության դեմ պայքարի ազգային հանձնաժողովի պնդումներն այն մասին, որ հատուկ ծառայությունները նախապես տեղեկացված են եղել նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին։

«Բացառիկ թափանցիկություն ապահովելու նպատակով մենք հարգում ենք այդ ողբերգական չորեքշաբթի օրը կորցրած մեր հայրենակիցների հիշատակը՝ հրապարակելով 71 ապագաղտնազերծված նյութ։ Սա ԿՀՎ-ի պատմության մեջ սեպտեմբերի 11-ի իրադարձությունների հետ կապված ամենամեծ վերլուծական փաթեթն է»,- հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռետկլիֆը։

Փաստաթղթերի մեծ մասը վերաբերում է Օսամա բեն Լադենի նկատմամբ իրականացված հետախուզական դիտարկումներին։ Մի շարք զեկույցներ փաստում են, որ ԿՀՎ-ն դեռևս 1998 թվականից ահազանգեր է ստացել «Ալ-Քաիդայի» հնարավոր հարձակման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, տեքստերում նշվում է, որ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը եղել է ընդհանուր բնույթի, ինչը բարդացրել է հարձակման հստակ ժամկետներն ու թիրախները պարզելը։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներն առևանգել էին չորս մարդատար ինքնաթիռ։ Դրանցից երկուսը բախվել էին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներին, երրորդը՝ Վաշինգտոնում Պենտագոնի շենքին, իսկ չորրորդն ընկել էր Փենսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքի մերձակայքում։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել էր 2977 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment