Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի դատարանը ևս յոթ օրով երկարաձգել է Գիրնե քաղաքի ափամերձ գոտում տեղի ունեցած ողբերգական նավաբեկության փաստով ձերբակալված ինը անձանց անազատության մեջ պահելու ժամկետը։ Կալանավորվածների թվում են նաև Ադրբեջանի երեք քաղաքացիներ։
Ադրբեջանական Report լրատվական գործակալության տվյալներով՝ դատական նիստի ընթացքում նավի անձնակազմի ադրբեջանցի անդամներ Ռաշադ Իբրահիմովին, Գադիր Գուլիևին և Վալեհ Գումբատովին առանձին մեղադրանքներ չեն առաջադրվել։ Գործով անցնող բոլոր ձերբակալվածների, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ քննություն է իրականացվում անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
«Ադրբեջան-Կիպրոս բարեկամության ընկերության» նախագահ Օրհան Հասանօղլուն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում փորձել է արդարացնել անձնակազմի ադրբեջանցի անդամներին՝ պնդելով, թե իբր վերջիններս չեն ունեցել նավի կառավարման կամ դրա տեխնիկական վիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորություններ և պետք է հարցաքննվեն որպես ականատեսներ։