Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը

Կստեղծվի նաև իրավական և գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար


ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը։


Գործադիրը սահմանել է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։

Արդյունքում՝ կապահովվի վերահսկող մարմնի կողմից ոլորտի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացումը, կտրվի կազմակերպիչների գործունեության վերաբերյալ համադրելի և միասնական ձևաչափով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։

Ըստ հիմնավորման` որոշման ընդունումը կնպաստի ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ձևավորման ապահովմանը։

Կստեղծվի նաև իրավական և գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար։

Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կհանգեցնի խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման, օրենսդրական կարգավորումների գործնական կիրառելիության ապահովման և վերահսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման։


Leave a comment