The Armenian Weekly․ «Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել երկրի՝ առանց հայերի»

Ամերիկյան The Armenian Weekly պարբերականում հրապարակված իր վերլուծական հոդվածում հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, վերլուծաբան Հարութ Սասունյանն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայիս կառավարության քայլերը սպառնում են երկրի ազգային ինքնությանն ու ժողովրդագրական ապագային:

Հեղինակը հիշատակում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի՝ 1915 թվականի նամակը, որտեղ վերջինս գրել էր միայն մեկ հայ թանգարանում թողնելու ցանկության մասին, և նշում, որ այն, ինչ չհաջողվեց Թալեաթին, այսօր փաստացի առաջ է տանում Հայաստանի ղեկավարությունը:

Սասունյանն իր մտահոգությունն է հայտնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարության կապակցությամբ, ըստ որի՝ Հայաստանը պետք է կազմակերպի տասնյակ հազարավոր անձանց ներգաղթ և փոխի «միանման ազգային մտածելակերպը»։

Ըստ The Armenian Weekly-ում հրապարակված հոդվածի՝ 7-միլիոնանոց Սփյուռքի ներուժն օգտագործելու և հայրենադարձություն կազմակերպելու փոխարեն, իշխանությունները հրաժարվում են ազգային պատմությունից ու մշակույթից, զիջումներ անում տարածքային հարցերում և փորձում արհեստականորեն փոխել երկրի էթնիկ կազմը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment