Հայկական թիմը Եկատերինբուրգում մասնակցում է Երիտասարդների համաշխարհային հավաքին

Բաժանորդագրվել

Հայաստանը կներկայացնի ավելի քան 100 պատվիրակ, իսկ փառատոնին, ընդհանուր առմամբ, մասնակցում է շուրջ 10 հազար երիտասարդ 191 երկրներից։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական երիտասարդական միության թիմը և հայկական բուհերի ուսանողները մասնակցում են Եկատերինբուրգում անցկացվող Համաշխարհային երիտասարդական փառատոնին։ Ինչպես հայտնում են միության մամուլի ծառայությունից, այն մեկնարկել է այսօր ՝ սեպտեմբերի 11-ին։

Փառատոնին Հայաստանը կներկայացնեն 16-35 տարեկան ավելի քան 100 երիտասարդներ: Նրանց մի մասը սովորում է, մի մասը՝ աշխատում, իսկ մի մասը պարզապես լրացրել է հարցաթերթիկները կայքում և հաջողությամբ ընտրվել։

«Իմ կարծիքով՝ միջազգային երիտասարդական երկխոսության առաքելության գլխավոր նպատակն է, որ երիտասարդը գտնի իր ճիշտ տեղը կյանքում։ Եվ մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, մեր երկիր մոլորակի երիտասարդների միջև մշակութային և հասարակական-քաղաքական կապերի զարգացմանը»,- ասել է Հայ-ռուսական երիտասարդական միության նախագահ, Հայաստանում Եվրասիական երիտասարդական վեհաժողովի ղեկավար Ռաֆայել Պողոսյանը:

Փառատոնի շրջանակում կանցկացվեն դասախոսություններ և քննարկումներ արդի խնդիրների և համամարդկային արժեքների վերաբերյալ: Աշխարհի 191 երկրների 10 հազար երիտասարդ առաջնորդների համար ելույթ կունենա ավելի քան 150 դասախոս: Նախատեսված են նաև ինտերակտիվ կրթական և մշակութային ձևաչափեր։

«Մենք ցանկանում ենք ոչ միայն պատմել Հայաստանի մասին, այլև ասել, թե ինչով է ապրում հայ երիտասարդությունն այսօր՝ մեր նախաձեռնությունները, մշակույթը, ավանդույթները և ապագայի վերաբերյալ մեր տեսլականը։ Համոզված եմ, որ փառատոնը հնարավորություն է ոչ միայն ներկայանալ, այլև լսել ուրիշներին, գտնել ընդհանուր եզրեր և միասին առաջ շարժվել»,- նշել է փառատոնի մասնակից Էդուարդ Խաչատրյանը:

Եկատերինբուրգում հիմնական ծրագրի ավարտից հետո օտարերկրյա երիտասարդների 1000 ներկայացուցիչներ ճանապարհորդելու են Ռուսաստանի մարզերում՝ ավելի քան 30 երթուղիներով:

Leave a comment