Թիվ 40 ավտոբուսի տուրբոմղիչը խափանվել էր․ Գործարկվել է հակահրդեհային ավտոմատ համակարգը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել «Ժոնգ Թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցից դուրս եկող ծխի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ։

Սեպտեմբերի 10-ի երեկոյան մամուլում հրապարակվել, այնուհետև բազմաթիվ առցանց հարթակներում տարածվել է տեսանյութ, որում երևացել է «Ժոնգ Թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցից դուրս եկող ծուխ։

Ըստ ընկերության՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խափանվել է թիվ 40 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի տուրբոմղիչը, ինչի հետևանքով գործարկվել է շարժիչի հակահրդեհային ավտոմատ համակարգը։ Գործածվել են նաև տրանսպորտային միջոցում առկա մյուս կրակմարիչները։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, հաշվի առնելով տեսանյութի լայն տարածումը, մամուլում հրապարակված վերնագրերի հնչեղությունը, հանրային տրանսպորտից օգտվողների մեծ շրջանակը և նման վերնագրերից հնարավոր խուճապի առաջացումը, ընդգծել է, որ այս և նման իրավիճակները ցանկացած տրանսպորտային միջոցում հնարավոր տեխնիկական ու անկանխատեսելի խնդիրներ են։

Ընկերությունը նաև հորդորել է նման տեսանյութեր հրապարակելիս և դրանց վերնագրեր ընտրելիս նախապես ճշտել տեղի ունեցածի հանգամանքները։

Leave a comment