Ուտելիս նորություններ կարդալու կամ տեսանյութեր դիտելու սովորությունը կարող է խաթարել մարսողական համակարգի աշխատանքը և զրկել օրգանիզմն այն էներգիայից, որն անհրաժեշտ է սնունդը յուրացնելու համար։ Այս մասին «Պրավդա»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան։
Սննդաբանի խոսքով՝ ուղեղը չի տարբերակում իրական աշխարհի իրադարձություններն ու վիրտուալ բովանդակությունը, ուստի տեղեկատվությանը արձագանքում է արտազատելով սթրեսի հորմոններ։ Այդ լարվածությունն ազդում է մարսողության վրա և ճնշում օրգանիզմի բնական ազդանշանները։
Բացի այդ, վտանգ է ներկայացնում հագեցվածության մեխանիզմների խաթարումը. երբ ուշադրությունը կենտրոնացած է արտաքին տեղեկատվության վրա, ուղեղն անտեսում է լեպտինից՝ հագեցվածության զգացման համար պատասխանատու հորմոնից ստացվող ազդանշանները։
«Երբ մարդը սնվում է տեսանյութեր դիտելով կամ նորություններ կարդալով, նրա ուղեղն ուշադրությունը տեղափոխում է այդ տեղեկատվության մշակմանը։ Սա արգելափակում է հագեցվածության ազդանշանները՝ ստիպելով մարդուն անհրաժեշտից ավելի շատ ուտել։ Մարսողությունը մղվում է երկրորդ պլան, քանի որ այդ պահին ուղեղը զբաղված է այլ բանով», — բացատրել է Սոլոմատինան։