Քաղաքականություն
11.09.2026 | 17:40
Սեպտեմբերի 11-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պերմի երկրամասի վրա։ Հարվածի տակ են հայտնվել արդյունաբերական օբյեկտներ, հայտնել է նահանգապետ Դմիտրի Մախոնինը՝ չհստակեցնելով, թե որ ձեռնարկությունների մասին է խոսքը, գրում է Meduza-ն։
Astra-ի լրագրողները պարզել են, որ թիրախներից մեկը Բերեզնիկիում (Պերմից 180 կմ հեռավորության վրա) գտնվող «Ուրալխիմ» ընկերության «Ազոտ» ձեռնարկությունն է։ Այն ազոտական պարարտանյութերի և քիմիական հումքի խոշոր արտադրող է, որը, ի թիվս այլ նպատակների, օգտագործվում է նաև պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։ Ձեռնարկությունում աշխատում է շուրջ 2,500 մարդ։
Ձեռնարկության աշխատակիցներն Astra-ին պատմել են պայթյունների և տեխնոլոգիական գործընթացի դադարեցման մասին։ Հարձակումից հետո Բերեզնիկիի բնակիչները բողոքել են քիմիական հոտից, հայտնում է «Пермь 36,6»-ը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքի դպրոցներում դասերը չեղարկվել են, իսկ պոլիկլինիկաներում դադարեցվել է հիվանդների պլանային ընդունելությունը։
Պաշտոնապես «Ուրալխիմը» հարձակման հետևանքները չի մեկնաբանել։
Սա Ուկրաինայի կողմից ձեռնարկությանը հասցված առաջին հարվածը չէ․ անօդաչու թռչող սարքերը 2025 թվականի հոկտեմբերին նույնպես հարձակվել էին «Ազոտ» քիմիական գործարանի վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի