Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
Երկու հանդիպումների հիմնական թեմաները եղել են հայ-ռուսական հարաբերությունները և միջխորհրդարանական համագործակցությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։
Կողմերն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական զարգացումներին և պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունը և աջակցելու երկկողմ փոխգործակցության զարգացմանը նպաստող նախաձեռնություններին։
Կոպիրկինի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի և խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքի վերաբերյալ։
Կոպիրկինը սեպտեմբերի 10-ին հանդիպել էր նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հետ։